top of page

Ես ամեն բան անում եմ, որպեսզի այս տարի պատերազմն արժանապատվորեն ավարտվի Ուկրաինայի և Եվրոպայի համար. Զելենսկի

Ուկրաինան ամեն ինչ անում է պատերազմն այս տարի ավարտելու համար՝ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ռամշտեյն» ձևաչափով հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս՝ հայտնում է РБК-Украина-ն։

«Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս տարի այս պատերազմն արժանապատվորեն ավարտվի Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար։ Եվ ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել ձեր աջակցության վրա: Մենք բոլորս պետք է հիշենք, որ պատերազմի ավարտը մեր ընդհանուր նպատակն է՝ մերը, ոչ թե Ռուսաստանինը, սա այն է, ինչ ուզում են ուկրաինացիները, եվրոպացիները, ամերիկացիները և մեր համաշխարհային գործընկերներից շատերը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինային խաղաղություն են մաղթում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արգենտինան։

Զելենսկու խոսքով՝ Հյուսիսային Կորեան ուսումնասիրում է ժամանակակից պատերազմը՝ որպես օրինակ օգտագործելով Ռուսաստանը։

«Իրենց ժողովրդին չեն գնահատում, կորցնում են՝ այսօր արդեն 4 հազար մարդու. Բայց Փհենյանը էժան փորձ է ստանում պատերազմը վերաարտահանելու համար, հավանաբար այնտեղ՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա:

«Դա այն է, ինչը երաշխավորում է, որ մեր զինվորները կստանան իրենց անհրաժեշտ զենքերը։ Հենց դրա համար են պատժամիջոցները։ Եվ ես խնդրում եմ մեր բոլոր գործընկերներին, հատկապես ԱՄՆ-ին և ԵՄ-ին, թեժացնել կրակը Ռուսաստանի էներգետիկ հատվածում»,- ասել է Զելենսկին։

Նա կարծում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն ռուսական էներգետիկ ոլորտի բոլոր տարրերի դեմ, իսկ ռուսական տանկերի նավատորմը պետք է կանգնեցվի։

Այսօր՝ հունվարի 9-ին, տեղի է ունեցել «Ռամշտեյն» ձևաչափով հանդիպում, որին վերջին անգամ մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Այս հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Դրա չափը կազմում է 500 մլն դոլար։

Միաժամանակ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ «Ռամշտեյն» ձևաչափով նման հանդիպումը կարող է լինել վերջինը։

1/1917
bottom of page