top of page

Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով

Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ի կողմից ներդրումային արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար, գրել է Civilnet.am-ը։

Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։ Այդ գործարքները վերաբերում էին ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապվածմ ընկերությանը կոմբինատի բաժնետոմսերը վաճառելուն, կառավարությանը բաժնետոմսերի նվիրատվությանը և այլնի։ Walnort Finance Limited-ի բաժնետերը Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր։ Նրա ներկայացուցիչնեչրը պնդում են՝ կոմբինատի բաժնետոմսերը նախապատվության իրավունքով իրենց պետք է առաջարկվեին։

Walnort Finance Limited-ը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց ներկայացնելիս պնդել էր՝ ընկերության ներդրումները ԶՊՄԿ-ում խաթարվել են կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերել: Walnort Finance Limited-ի հայցապահանջը 1,2 մլրդ դոլար է, Walnort-ի շահերը ներկայացնում է Hale and Dorr միջազգային փաստաբանական ընկերությունը։

Հայաստանի ֆինանսների նախարարության գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել Foley Hoag LLP ընկերության հետ՝ ԶՊՄԿ-ի հետ կապված արբիտրաժային գործընթացնում ՀՀ շահերը պաշտպանելու համար։ Ամերիկյան Foley Hoag-ը հիմնվել է 1943-ին, իրավական ծառայություններ է մատուցում պետական ու մասնավոր ընկերություններին։ Foley Hoag-ի ուղղվածություններից մեկն էլ միջազգային դատերն են, արբիտրաժային գործընթացները։ Իրավաբանական այս խոշոր ընկերության արբիտրաժային պատմությունը ներառում է գործեր, որ կապված են նաև հանքարդյունաբերության, էներգետիկ, շինարարական, հյուրանոցային ենթակառուցվածքների հետ։

Foley Hoag-ում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված այս գործը համակարգելու է Կոնստանտինոս Սալոնիդիսը, որը Foley Hoag-ի միջազգային դատերի ու արբիտրաժային դեպարտամենտի ղեկավարներից է։ Սալոնիդիսը Հայաստանի ներկայացուցիչն է միջազգային մի շարք վեճերի, նաև այլ ներդրումային վեճերի գործերով։ Օրինակ՝ նա ՀՀ փաստաբանն է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ Սալոնիդիսը ՀՀ շահերն է պաշտպանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի էներգետիկ խարտիայի պայմանագրի արբիտրաժային գործով, Շրջակա միջավայրի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ևս Սալոնիդիսը ներկայացնում է ՀՀ շահերը։ Այս ամենից բացի, ամերիկյան ընկերության ներկայացուցիչը ՀՀ շահերն է պաշտպանում ներդրումային արբիտրաժում՝ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության՝ ՀՀ-ի դեմ նախաձեռնած արբիտրաժային գործով։

Այս ընկերությունը Հայաստանի շահերը ներկայացնում է նաև Ամուլսարի հանքի արբիտրաժային գործով։

Foley Hoag-ին առաջին վճարումը կատարվելու է արբիտրաժի նախնական փուլի համար՝ 250,000 դոլար, դատաքննության իրավազորության փուլի համար՝ 1 մլն դոլար և 1,3 միլիոն դոլար՝ արբիտրաժային հարցի քննարկման, պատասխան առարկությունների ներկայացման համար։

bottom of page