top of page

ՀՀ-ում բնակարանային ինքնաբավ մոդելի ապահովման համար կկիրառվի Բոսնիա և Հերցեգովինայի փորձը

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։



Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։



Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։ Կլոր սեղան-քննարկմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։



Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները․ ընդգծվել է նաև սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։



ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։



«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։

1/1898
bottom of page