Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ բողոք է հայտնել Թեհրանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ բողոք է հայտնել Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանին: Պատճառն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտություններն են:
«Հանդիպման ընթացքում իրանական կողմին կոշտ բողոք է ներկայացվել Ադրբեջանի և մեր պետության ղեկավարի հասցեին Սեյիդ Հասան Ամելիի կողմից արված վիրավորական արտահայտությունների կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ, իրանցի դիվանագետին հայտնել են վերջին շրջանում Իրանում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների բացահայտ հրահրման հետ կապված անհանգստությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեկ Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Արդաբիլում տեղի ունեցած արարողությունը, որին ներկա են եղել պետական պաշտոնյաներ։ Միջոցառմանը վիրավորանքներ են հնչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։