ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար»,- նշեցին դատախազությունից։
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 31-ին դատարանն արդարացրեց ՀՀ 3-րդ նախագահին՝ հերքելով մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։
Նախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նորմալ է գնահատում այն, ինչ կատարվեց, միևնույն ժամանակ, նշել էր՝ վստահ է՝ դատախազությունը բողոքարկելու է։