top of page

Այս տարվանից գիտական աշխատանքներում ներգրավված աշխատողների եկամտահարկը կլինի ոչ թե 20, այլ 10 տոկոս. ԲՏԱ նախարար

Վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում, երբ մենք դիտարկում էինք պետական աջակցության հավելյալ ծրագրեր սահմանել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, մի կարեւոր որոշման եկանք, որ գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների համար մեր գործիքները պետք է տարածենք ոչ միայն տեխնոլոգիական ուղղությունների, այլեւ առհասարակ տնտեսության բոլոր ճյուղերի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս տարվանից սկսած բոլոր հետազոտողները եւ գիտնականները, որոնք ներգրավված են լինելու այդ աշխատանքներում, իրենց համար, օրինակ, եկամտային հարկի 20 տոկոսի փոխարեն սահմանվելու է 10 տոկոս:

«Սա նշանակելու է, որ ի տարբերություն պետական աջակցության մյուս ծրագրերի, որոնք ուղիղ աջակցություն են ընկերությունների համար, տվյալ պարագայում այս կարգավորումները վերաբերում են ֆիզիկապես հենց գիտնականներին եւ գիտաշխատողներին, ինչը նշանակում է, որ սա եւս մեկ հավելյալ անհատական աջակցություն է եկամուտների տեսքով՝ գիտաշխատողների համար, որոնք ներգրավված են լինելու նորարարական աշխատանքներում: Այս դեպքում կիրառական պրոդուկտների վրա աշխատող գիտնականների եւ հետազոտողների համար՝ ինովացիա ստանալու տեսանկյունից:

Դա վերաբերում է բոլոր այն հաստատություններին, թե պետական, թե մասնավոր, որոնք տնտեսական համապատասխան դասակարգիչներով կհամարվեն գիտահետազոտական գործունեություն իրականացնող հաստատություն»,-ասաց նախարարը:

1/1949
bottom of page