top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈՂ ՈՐՏԵՂԻ՞Ց, ՈՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՎԱՔԵՆՔ

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը պնդում է՝ իշխանությունը նախկինի պես վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը եւ կարիք չունի վարչական լծակների գործադրմամբ ձայն հավաքելու։ Երեկ գրել էինք, որ համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներից ՔՊ-ն ցուցակներ է պահանջել, որ հասկանա՝ որքան ընտրող ունի, եւ, ըստ այդմ, քայլեր ձեռնարկի կասկածելի ընտրողների նկատմամբ։ Սարուխանյանի խոսքով՝  ՔՊ-ն ցուցակագրումներ չի անում, դա նախկինների ձեռագիրն է, հավանաբար անում են, որ ՔՊ-ի վրա գցեն։ «Իմանաք՝ ովքեր են հավաքում ցուցակները, մեզ էլ տեղյակ պահեք... խնդրում եմ, իմացեք՝ ով է անում, մեզ ասեք, որ զբաղվենք իրենցով»,- ասել էր նա:



- Նախկիններն այդքան ազդեցություն ունե՞ն այդ հիմնարկների վրա, դուք եք իշխանությունը, եթե անում են, ինչո՞ւ չեք բռնում, այդքան թույլ իշխանությո՞ւն եք։


- 30 տարի իշխանության են եղել, բնականաբար, ազդեցություն ունեն, միջին օղակներում կունենան մարդիկ, որ ժամանակին իրենց կողմից են նշանակվել, գյումրեցիներն էլ շնորհակալ ժողովուրդ են, հնարավոր է նման բան։ Էդ ցուցակները հավաքում են նախկին իշխանությունները մեկ՝ փող բաժանելու նպատակով:


- Ինչո՞ւ չեք բռնում, իրավապահներն ի՞նչ են անում, եթե կա նման բան։


-․․․Դա թուլություն չի․ դուք պետք է օգնեք մեզ, որ բացահայտենք, տվեք անուններ, հասցեներ, գնանք՝ բացահայտենք։ Մեր իշխանությանը փող որտեղի՞ց, որ ցուցակ հավաքենք։


- Ձեր իշխանությունը 7 տարվա պատմություն ունի:


- Հա, բայց մենք չենք ընգել նախկինների ետեւից, մենք այդ գործելաոճը չունենք, մեր իշխանությանը հո չե՞ք համեմատի Քոչարյանի ռեժիմի հետ։


- Բնավ, այն, ինչ դուք եք անում, որեւէ իշխանություն չի արել, բայց տեղեկությունը հենց ՔՊ-ի մասին է, որ տնօրեններից ցուցակներ են պահանջել, հորդորել ձայներ ապահովել։


- Անուններ տվեք, ո՞վ է պահանջել։ Կարող ա ընդդիմությունը նման բան անի եւ փորձի գցի իշխանության վրա։ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը որեւէ անգամ, որեւէ ընտրությունում վարչական լծակ չի օգտագործել եւ չի օգտագործելու, ես սա միանշանակ պնդում եմ եւ պնդում եմ, որ դա կարող են անել ընդդիմադիրները՝ փորձելով վերագրել մեզ։ Մարդիկ սովոր են, ժամանակին արել են նման բան, հիմա իրենք մտածում են, որ մենք էլ ենք նույն գործելաոճով անելու։ Բայց չենք անում, որովհետեւ վայելում ենք ժողովրդի վստահությունը, սերը, մենք ժողովրդի կողմից սիրված իշխանություն ենք, փողով, ընտրակաշառքով ընտրված իշխանություն չենք։


- Բայց ասում են՝ Փաշինյանը Գյումրի վերջին այցի ժամանակ այդ սերը չի զգացել, հակառակը՝ գյումրեցիներն ազդանշաններով իրենց բողոքն են հայտնել նրա զբոսանքի ժամանակ։


- Սուտ են ասում, որովհետեւ ես անձամբ եմ ներկա եղել եւ տեսել եմ՝ ոնց են գյումրեցիները դիմավորել եւ մոտեցել ՀՀ վարչապետին։


- Գուցե մոտեցել են, բայց իրենց սիրո մասին հայտնե՞լ են։


- Իհարկե, հայտնել են, ոչ միայն հայտնել են, այլ գյումրեցիների սերը վարչապետի հանդեպ երեւացել է իրենց ժպտացող աչքերում։


- Պատմում են, որ բեմականացված տեսարաններ են եղել, շատ քիչ գումար է հավաքվել դրամահավաքի ժամանակ: Եթե այդպես չէ, կասե՞ք` որքան գումար է հավաքվել։


- Ես տեղյակ չեմ։


- Դուք  Ձեր Սարիկի շանսերը ո՞նց եք գնահատում։


- Չափազանց բարձր, գյումրեցիները բոլորին լավ հիշում են, թեկնածուներին լավ ճանաչում, շատերն այստեղ բաներ արել են, իրենց ճանաչում է ժողովուրդը, այնպես որ՝ իր խոսքը կասի գյումրեցին։





bottom of page