top of page

Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» կիսաեզրափակչում են

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 day ago
  • 2 min read

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայացել են պատասխան խաղերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիոնին» և գերլարված ու դրամատիկ խաղում 5։4 հաշվով հաղթանակ տարել լրացուցիչ ժամանակում և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Մանուել Ուգարտեն։

Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Դիոգու Դալոն կրկնապատկել է Ռուբեն Ամորիմի թիմի առավելությունը։

«Լիոնի» ֆուտբոլիստները խաղը փրկել են միայն երկրորդ կեսի միջնամասում։  71-րդ րոպեին թիմի կազմում կիսապաշտպան Տոլիսոն է հավասարեցրել հաշիվը, իսկ 7 րոպե անց Նիկոլաս Տալյաֆիկոն է դարձել գոլի հեղինակ և փրկել իր թիմին պարտությունից։

Նշենք՝ Տոլիսոն 98-րդ րոպեին երկրորդ դեղինը քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Սակայն սա Պաուլու Ֆոնսեկային թիմին չի կանգնեցրել։ Ֆրանսիական թիմին լրացուցիչ ժամանակում՝ 105-րդ րոպեին, առաջ է մղել կիսապաշտպան Ռայան Շերկին, իսկ 108-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։

Րոպեներ անց ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել, սակայն արդեն «Լիոնի» դարպասին, որն անվրեպ է իրացրել մանկունիացիների ավագ Բրունու Ֆերնանդեշը։ Լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները Կազեմիրոյի երկու փոխանցումներից հետո ևս երկու գոլ խփեցին ու խելահեղ հաղթանակի հասան։ 120-րդ րոպեին աչքի ընկավ Մանյուն, ապա Մագուայերը։ Երկխաղյա դիմակայության արդյունքում Ռուբեն Ամորիմի թիմը ընդհանուր 7։6 հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով ՄՅՈՒ-ն ԵԼ կիսաեզրափակչում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։

Իսպանական թիմն  սեփական հարկի տակ ընդունել է «Ռեյնջերսին»։ Առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ ոքիից հետո «Ատլետիկն» այսօր երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին բացել է Ուայն Սանսեթը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Իսպանացիների առավելությունը կրկնապատկել է Նիկո Ուիլյամսը՝ 80-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։

Եվրոպա լիգայի շրջանակում հայտնի են դարձել կիսաեզրափակչի վերջին մասնակիցները։ 

Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել է նորվեգական  «Բուդյո-Գլիմտին» և հիմնական ժամանակում երկու անպատասխան գնդակ ուղարկել հյուրերի դարպասը։ Առաջին խաղն ավարտվել էր «Բուդյո-Գլիմտի՝» 2։0 հաշվով հաղթանակով, այսպիսով խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Այստեղ արդեն թիմերը փոխանակվել են մեկական գնդակներով և հաղթողը վճռվել է հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ են գտնվել նորվեգական թիմի ֆուտբոլիստները՝ 2։3։

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Բուդյո-Գլիմտը»  կմրցի «Տոտենհեմի» հետ, որը քառորդ եզրափակչում հաղթահարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» արգելքը։

Հանդիպման միակ գնդակը 43-րդ րոպեին հեղինակել է լոնդոնցիների հարձակվող Դոմինիկ Սոլանկեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

1/2079
bottom of page