ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչպես և ենթադրվում էր 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը:
«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ.
ա) սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է,
բ)բառացիորեն կալանքի հիմք չկա ու դեռ մի բան էլ խոչընդոտման այդ վերացական հավանականությունը հերքվում է 4 տարվա քննությանը Տիրան Խաչատրյանի փաստացի դրսևորած վարքով
գ) այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ)
դ) չհիմնավորվեց, թե նման աննախադեպ իրավիճակում այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը (գրավ և տնային կալանք) ինչով չի զսպելու խոչընդոտման վկայակոչված վերացական ռիսկը
վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն` Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ` նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:
Առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ և ըստ անհրաժեշտության:
Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Տիրան Խաչատրյանի պաշտպաններ` Արմեն Անդրիկյան, Վարազդատ Հարությունյան»,-ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին, առավոտյան ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակա, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմին: