top of page

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։

«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրյա դիմաց»,- հայտարարեց նախագահող դատավորը։

Որոշման հրապարակումից հետո Առուշ Առուշանյանը լրագրողներին ասաց.  «Եթե նախադեպը չկա, ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մի բան կարող  եմ ասել` մեր ոգին անկոտրում է, սա մեր համար, իմ համար ոչ մի բան է։ Մենք մեր գաղափարների, մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիս... հումարով կասեմ՝ «շակալադնի է»»։

Նա նշեց, որ թիմը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Գորիսը նույն տեմպով զարգանա ու գորիսեցիների կյանքում այդ 1 տարի 8 ամսում ոչինչ չփոխվի։ 

«Միայն ուժեղ հետևողականությամբ կարող ենք հաջողություն գրանցել ու ամեն օր աշխատանքով կարողացել ենք քաղաքում հասնել դրան»,- ասաց Առուշանյանը։ 

Նա շարունակեց. «Շատ ուղիղ եմ ասում՝ իմ լիազորությունները չեն դադարելու։ Ոչինչ չի փոխվելու, ոչ մի բան չի լինելու։ Քաղաքն իր բնականոն հունով գնալու է առաջ, զարգանալու է, արտոնյալ մարդիկ չեն լինելու, նոր կինոյի տղերք չեն հայտնվելու, բնականոն հունով գնալու է։

Օրենքը թույլ է տալիս, որ  փաստաբանները օրվա մեջ մի քանի անգամ գալ կալանավայր։ Անկեղծ ասած, արդեն մտածել եմ, ինչպես պետք է ղեկավարվի, որ ամեն ինչ ճիշտ ընթանա։ Նկարներով ցույց կտան, թե օրվա մեջ ինչ է կատարվում։ Աշխատողները մի քիչ շատ կաշխատեն օրվա մեջ, բայց այդ մարդիկ նվիրված են աշխատանքին»։ 


Պրոբացիայի ծառայությունը դիմել էր դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։   Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ՝ բողոք էր ներկայացրել նաև Առուշ Առուշանյանը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի կողմից մերժվել է»,- հիշեցնում է «Փասինֆո»-ն։

Comments


bottom of page