top of page

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը. Կոստանյան


Սեպտեմբերի 1-ին Պրահայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է  «GLOBSEC» համաժողովի  շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 



ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հարապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը: 



ԵՄ հետ համագործակցության համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։



ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։ 



Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: 



Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։



Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: 



ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` վերահաստատելով  Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները` ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա:

1/1797
bottom of page