«Հրապարակ». Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի տարբերություն Արմեն Աբազյանի, անվերապահ վստահում է։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը տեւական ժամանակ է՝ Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, եւ հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։
Լուրեր կան, որ Աբազյանն անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հրահանգները, փոխարենը դրանք իրագործվում են Անդրանիկ Սիմոնյանի ձեռամբ։ Գաղտնիք չէ, որ Աբազյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ, ինչպես համակարգի նախորդ ղեկավարները, որոնք հիմնականում կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված եւ այն, որ Աբազյանը շարունակում է պաշտոնավարել․ Փաշինյանին գուցե թույլ չեն տալիս նրան ազատել, թե այն, որ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, ի դեպ, ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չտեղափոխվեց «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարեւան, օրենքը թույլ էր տալիս նրան եւ ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում, անգամ առանձնատուն էին վերանորոգել։
Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը եւ հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Դիցուք՝ ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել, բանն այն է, որ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են,բացի այդ՝ վաղեմության ժամկետի խնդիր կա։
Սիմոնյանը Լոռու մարզում շարքային դատավոր էր, 2021-ից տեղափոխվեց Երեւան՝ նախ ՔԿ պետի տեղակալի պաշտոնում նշանակեցին, հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի։ Ասում են՝ Սիմոնյանը նաեւ հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» եւ զեկուցում վարչապետին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում