2 տարվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է կյանքից հեռանալու 32 դեպք. ըստ իրավապաշտպանի՝ ՔԿՀ-ներում գողական բարքեր են, իրավասու մարմինները նշում են՝ վերահսկողության խնդիր չկա
2023-ից մինչև 2025 թվականի հունվարի 27-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է 32 մահվան դեպք:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Tert.am-ը գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էր տեղեկացնել դատապարտյալների և կալանավորների մահվան դեպքերի քանակը, դրանցից քանի՞սն են եղել ինքնասպանություն, արդյո՞ք սպանության դեպքեր արձանագրվել են, և մահացածների մեջ արդյո՞ք կան ցմահ ազատազրկվածներ:
ՔԿԾ-ից հայտնել են. «2023 թվականի ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից՝ կենսաբանական մահ 14՝ 9 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, ինքնասպանութան 2 դեպք՝ վերջիններս կալանավորված անձինք էին:
2023 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձի մահվան դեպք չի արձանագրվել:
2024 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում գրանցվել է մահվան 12 դեպք, որից՝ կենսաբանական մահ 12՝ 6 դատապարտյալ, որից 2 ցմահ ազատազրկման դատապարտված, 6 կալանավորված անձ: Ինքնասպանության դեպք չի արձանագրվել:
2025 թվականի հունվարի 27-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներում անզատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 4 դեպք՝ որից կենսաբանական մահ՝ 2՝ 1 դատապարտյալ, 1 կալանավորված անձ, 2-ը՝ ինքնասպանություն: Ինքնասպանություն 2 դեպքերից մեկը դատապարտյալ, մեկը՝ կալանավորված անձ:
2025 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձի մահվան դեպք չի արձանագրվել:
Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահովող անձանց շրջանում 2023-2025թթ. ընթացքում սպանության դեպքեր չեն արձանագրվել»:
ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի, դատապարտված, կալանավորված անձանց ինքնասպանությունների, նրանց հոգեբանական վիճակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:
Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրը սխալ կառավարումն է: «Դուք տեսնում եք՝ ինչ հաճախությամբ է փոխվում քրեակատարողական ծառայության պետն այս իշխանության օրոք, փոխվեցին նախարարները: ՔԿԾ պետից շատ բան է կախված»,- ասաց Ալեքսանյանը:
Նա նշեց, որ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը կտրուկ վատացել է: «Ինձ մոտ տպավորություն է՝ ներսում շատ հնարավոր է՝ գործում է ոչ թե վարչական կազմը, ադմինիստրացիան, այլ այնտեղի գողական բարքերը: Շատ են հացադուլները: Պրոբացիոն ծառայության մոտեցումներն են կամայական: Վերջերս մի մահվան դեպք գրանցվեց հացադուլի հետևանքով: Ինձ զանգում, խնդրում էին, որ հացադուլ է անում արդեն 43 օր: Ես մի քանի անգամ շաբավթա մեջ ահազանգում էի, որ մարդուն վտանգ է սպառնում, պահանջում էր հանդիպում ՄԻՊ-ի հետ, տեղափոխել իրեն դատապարտյալների հիվանդանոց, որովհետև ինքը բազմաթիվ հիվանդություններ ուներ, այդ թվում՝ ՄԻԱՎ: Մինչև այդ ահազնագը չգրեցի, նրան չտեղափոխեցին հիվանդանոց»,- շեշտեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը հավելեց՝ վերջին նախարարը նոր է նշանակվել, չգիտի՝ ինչ կանի, ծառայության պետին են փոխել, կին է հիմա, բայց այդ համակարգը փոխելը շատ բարդ է, պետք է հատուկ հսկողություն լինի, որ լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
Ալեքսանյանի խոսքով՝ տիրող իրավիճակի խնդիրների պատճառներից է նաև ադմինիստրացիայի հոգեբանությունը: «Նրանց բոլորին նայում են որպես հանցագործների, ոչ թե որպես մարդկանց, որոնք հանցագործություն են կատարել: Վարվում են նրանց հետ՝ որպես հանցագործներ: Այս տենդեցը հիմա ավելի բարձր է, քան 2,000-ականներին էր: Այն ժամանակ այդ աստիճանի չի եղել, որքան հիմա է:
Հիմա կալանավորներին ուղղակի կարող է գցեն մի խուց, այն դեպքում, երբ ինքը խնդիր ունի մեկ այլ կալանավորի հետ, ինչի իրավունքը չունեն: Օրինակ, խեղճերը կարող են ճնշված մնան այնտեղ, այդ սխալի ու ճշտի խնդիրն եմ տեսնում հիմա: Այդ հոգեբանությունը միշտ է եղել, որ նրանց որպես հանցագործ են նայել, բայց հիմա ավելի բացահայտ է այդ ամենը»,- ընդգծեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այս ամենն անուշադրության, անհետևողականության, վերահսկողության բացակայության, հացադուլ հայտարարած մարդկանց ոչ պատշաճ վերաբերմունքի հետևանք է: Ալեքսանյանը նշեց, որ այդ մարդիկ իրավունք ունեն դիմելու ծայրահեղ քայլերի, բայց նրանց անգամ ՄԻՊ-ը չի այցելում:
«Տեսնում ենք, որ նաև ավելացել են կալանավորների թիվը: Նախարարը պարտավոր է հետևել ներսում կատարվող իրավիճակին, որովհետև այդ համակարգով շատ քիչ մարդիկ են զբաղվում, հիմա նաև դիտորդական խումբը չի այցելում, որովհետև ֆինանսավորում չունեն և հիմա ամբողջությամբ դուրս են իրենց վերահսկողությունից»,- ասաց նա:
Նշենք, որ ՔԿԾ-ից Tert.am-ին հայտնեցին, որ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ:
«Վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները կցվում են քրեական վարույթին, հետևաբար՝ մահվան, այդ թվում նաև ինքնասպանության դեպքով վարույթների ընթացքի դրանց պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը»,- փոխանցեցին ՔԿԾ-ից:
Հունվար ամսվա ընթացքում ՔԿԾ-ներում արձանագրված մահվան դեպքերին, այդ թվում՝ ինքնասպանություններին, արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
«Պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:
Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե»,- մասնավորապես ասված է ՄԻՊ տարածված հաղորդագրությունում:
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երևույթը մտահոգիչ է:
«Մենք, ցավոք սրտի, հունվար ամսվա ընթացքում ունենք 4 մահ, որոնցից երկուսն ինքնասպանության դեպք է: Բոլորի հետ կապված աշխատանքներ կտարվեն՝ պարզելու համար պատճառները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, իրենք ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերի հետ կապված շարունակական աշխատանքներ են տանում՝ բացառելու նման դեպքերը:
«Իրականությունը ցավալի է, երբեմն մեր որդեգրած քաղաքականությունից շեղումներ լինում են, իհարկե, ոչ մեր կամքով»,- ասաց նա:
Նախարարը չընդունեց, որ վերահսկողության խնդիր կա: «Խնդիրը վերաբերում է մարդկանց հոգեկան առողջությանը, ընթացակարգերի հետ կապված խնդիրներ կան, որոնք հստակեցման կարիք են զգում: Նման առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ոչ թե պետք է գտնվեն ՔԿՀ-ում, այլ ստանան պատշաճ բժշկական օգնություն»,- ասաց Գալյանը: