Ո՞վ ասել, որ մարդու աղքատության պատասխանատուն մենք ենք, ինքն է պատասխանատուն, թող դպրոցում սովորեր. Փաշինյան
Մեր խնդիրն է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, բայց ո՞նց, ո՞նց հաղթահարենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդը լսում, ասում է՝ «կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի, էս ինչ լավ բան ա արել, հլը դիվանս բերեք, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պառկենք, հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է: Ոչ, ժողովուրդ ջան, աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ մարդուն պետք է շատ ուղիղ ասել՝ «հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն քո աղքատությունը ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով: Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է, ոչ մեկը պարտավոր չէ գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես»:
Փաշինյանի խոսքով, կառավարությունը պետք է մարդուն օգնի, որ ինքը կրթություն ստանա, վերապատրաստվի, մասնագիտություն ստանա. «Մենք իրեն պետք է օգնենք աշխատանքի շուկայում աշխատանք գտնի, եթե ոչ, աղքատը աղքատ է, իր խնդիրն է, ո՞վ ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, ինքն է իր աղքատության պատասխանատուն, թող դպրոցում սովորեր, թող համալսարանում սովորեր, չի սովորել, հիմա թող սովորի»,- ասել է նա: