top of page

Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը. Փաշինյան

Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը: Այս մասին Արմենպրեսին տված հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:  

- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ:

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ  «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ։ Իսկ խոսելով «Արևմտյան Ադրբեջանի»  մասին՝ նա ասել է. «Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում» (չակերտները՝ Tert. am)»

1/1916
bottom of page