Բելգրադը երբեք չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին. Սերբիայի փոխվարչապետ
Սերբիան երբեք չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ չնայած արտաքին ճնշմանը։ Այս մասին չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
«Արևմուտքից Սերբիայի վրա միշտ ճնշում է գործադրվում, նրանք մեզ խնդրում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, դադարեցնել չինական ներդրումները, ինչպես նաև հավատարիմ մնալ այն ամենին, ինչ անում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, բայց մենք անկախ պետություն ենք, մենք երբեք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չենք կիրառի»,- ասել է փոխվարչապետը։
Նա հավելել է, որ լավատես չէ Սերբիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխության հարցում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ Վուլինը հիշեցրել է նաև ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի ռմբակոծությունը և դատապարտել Արևմուտքի ագրեսիան Սերբիայի նկատմամբ։