Գաղտնի ծառայությունը Թրամփի հանրահավաքի ժամանակ չի տեսել կրակողին տանիքի թեքության պատճառով. WP
ԱՄՆ Գաղտնի ծառայության դիպուկահարների խմբերը չեն կարողացել անմիջապես տեսնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա կրակողին տանիքի թեքության պատճառով։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Պարբերականը հանրահավաքի վայրի 3D-մոդելի հիման վրա եզրակացրել է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները սկզբում չեն տեսել չարագործ Թոմաս Մեթյու Քրուկսին շենքի տանիքի թեքության պատճառով, որտեղ նա դիրքավորվել էր կրակելու համար։ Բացի այդ, դիպուկահարների խմբերից մեկի տեսանելիությանը խանգարում էին ծառերը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է թերթը, հատուկ ծառայությունների աշխատակիցներն արդեն պատրաստ վիճակում էին պահել զենքը Քրուկսի կրակելուց երկու րոպե առաջ։ Ինչպես բացատրել է նախկին ոստիկան Ջեյսոն Լոուլեսը, դա նշանակում է, որ նրանց տեղեկացրել են սպառնալիքի մասին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները, անանունության պայմանով, WP-ին պատմել են, որ Քրուկսին վնասազերծած դիպուկահարը մի քանի ակնթարթ նրան պահել է նշանառության տակ՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք զինված է նա եւ սպառնալիք ներկայացնում է, եւ կրակել է այն բանից մի քանի վայրկյան հետո, երբ չարագործը սկսել է կրակել։