top of page

Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում. Փաշինյան

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա առանձնահատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար, աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:

«Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանգծման և սահմանազատման գործընթացի շրջանակում տեղի ուենցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործըթնացում առաջնորդվել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթներով: Ակնկալում ենք որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուիցվածքների և կապուղիների ապաշրջափակումը և լիարժեք գործարկումը, որը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է:

«Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու ու մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա սա է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Comments


bottom of page