top of page

Մեծ պատիվ է հյուրընկալել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Կոստանյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնակցելով Երևանում անցկացվող «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» խորագրով Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին, ելույթով հանդես է եկել «Հետհաշվարկ մինչև 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեմայով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

«Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեզ համար իրապես պատվաբեր է ընդունել այսքան շատ երիտասարդ խորհրդարանականների ամբողջ աշխարհից՝ քննարկելու երիտասարդության առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և արդյունավետ լուծումներ գտնելու նրանց ձգտումները:

Խորհրդանշական է, որ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ հոբելյանական գլոբալ համաժողովը անցկացվում է հենց Հայաստանում: Մեր երկիրը հազարամյա պատմություն և մշակույթի հետ մեկտեղ ունի նաև երիտասարդ խորհրդարանական ժողովրդավարություն, որը ձգտում է իրականացնել առաջադեմ փոփոխություններ իր քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար, ովքեր ոչ միայն Հայաստանի ապագան են, այլև ներկան:

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել իմ ընկերոջը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական Ֆելիպե Պոլիեին այս համաժողովին իր մասնակցության և խորաթափանց խոսքերի համար, որոնք ներկայացնում են ՄԱԿ համակարգում երիտասարդության օրակարգը խթանելու իր գրասենյակի ջանքերը: ՄԱԿ շրջանակում նոր գրասենյակի ստեղծումն արտացոլում է երիտասարդության հիմնախնդիրներն ավելի ինտեգրված և ամբողջական կերպով լուծելու համաշխարհային հանձնառությունը: Հայաստանը լիովին աջակցում և մեծ կարևորություն է տալիս այս գրասենյակի գործունեությանը։

Տիկնայք և պարոնայք,

Յուրաքանչյուր անհատ ունի կրթության իրավունք, ավելին՝ որակյալ և ներառական կրթության իրավունք, և դա կենսականորեն կարևոր է մարդկային կապիտալի զարգացման և արժանապատիվ աշխատանքի հավասար հնարավորություններ ապահովելու համար: Այն փաստը, որ որակյալ կրթությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներից մեկն է, արդեն իսկ բավականին խոսուն է: Նախորդ տարվա ԿԶՆ գագաթնաժողովը հնարավորություն տվեց վերագնահատելու ՄԱԿ կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացման առաջընթացը: Համաձայն Կայուն զարգացման նպատակների զեկույցի հատուկ հրատարակության՝ հետագա անգործության պայմաններում շուրջ 84 միլիոն երեխա և երիտասարդ կզրկվի դպրոց հաճախելու հնարավորությունից, իսկ մոտ 300 միլիոն աշակերտ չի տիրապետի հիմնական թվաբանության և գրագիտության հմտություններին: Այս համատեքստում, երբ մոտենում ենք Ապագայի գագաթնաժողովին, նման հանդիպումները վճռական դեր են խաղում մինչև 2030 թվականը և դրանից հետո բոլորի համար որակյալ կրթություն ապահովելու ջանքերը առաջ մղելու գործում: Հարգելի՛ գործընկերներ, ես վստահ եմ, որ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները միասնական նպատակ ունեն իրականացնել ԿԶՆ 4-ում արտացոլված խոստումը:

Օժտված լինելով օրենսդիր լիազորություններով՝ դուք, որպես խորհրդարանականներ, բացառիկ հնարավորություն ունեք իրականացնելու թիրախային փոփոխություններ, որոնք կուժեղացնեն երիտասարդներին և կկարգավորեն նրանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վերջերս Հայաստանը իրագործել է մի շարք համակարգային, օրինական և գործնական բարեփոխումներ կրթության ոլորտում՝ ԿԶՆ 4–ին և իր թիրախներին համահունչ: 2022 թվականին ընդունված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ը շատ կարևոր նշաձող է մեր երկրի՝ կրթական համակարգի վերափոխմանն ուղղված ջանքերում: Այս ծրագիրը նաև լրջորեն անդրադառնում է մասնագիտական կրթությանը և շարունակական ուսուցման հնարավորությունների ստեղծմանը՝ հեշտացնելով դպրոցից աշխատանքի անցումը և համապատասխանեցնելով հմտությունները աշխատանքի շուկայի պահանջներին, ինչն օգնում է նվազեցնել երիտասարդների գործազրկությունը:

Հարգելի՛ մասնակիցներ,

Մենք պետք է խթանենք մեր հավաքական ջանքերը՝ ուղղված յուրաքանչյուր երիտասարդի համար որակյալ ու մատչելի կրթության և արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ապահովմանը: Առաջնահերթություն տալով նորարարությանը, ներառականությանը և համագործակցությանը՝ մենք կարող ենք փոխակերպել ներկայիս պատկերը և հզորացնել հաջորդ սերունդը արագ փոփոխվող աշխարհում հաջողելու համար: Մեր քննարկումները գործողությունների վերածելով՝ մենք կարող ենք ապահովել, որ յուրաքանչյուր երիտասարդ զինված լինի գիտելիքով և հմտություններով՝ կերտելու ավելի պայծառ և արդար ապագա:

Եզրափակելով՝ մաղթում եմ հաջող քննարկում այս նստաշրջանի ընթացքում, հույս հայտնելով, որ դրա արդյունքները կնպաստեն երիտասարդության հզորացմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերին»,–ասել է Վահան Կոստանյանը։

Comments


bottom of page