«Ժողովուրդ». Հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։
Հերոսից մինչեւ մեղադրյալ այս էպոպեան սկսվեց նախ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից։
Վերջինս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ ազգային հերոսի կոչում էր ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։ Հերոսացումից ընդամենը 2 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Փիլոյանը կալանավորվեց՝ կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.
«Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում շնորհեց 44-օրյա պատերազմի մասնակցության սխրանքների համար: Հիմա նույն Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար:
Ինչո՞ւ այսքան տարի հետո նոր նրան մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ է պարզվել:
Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան:
Ի՞նչ սխրանքներ է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի կոչմանն արժանի:
Արդյոք հերոսի կոչումը հետ կկանչվի՞»:
Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրությամբ հայցվող քրեական գործին վերաբերող հարցերի հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում