top of page

Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին

Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ցուցադրության առանցքային նմուշը Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված մասերն են, որոնք հատուկ կարևորություն ունեն մեր հանրության համար:

Անդրեասյանի խոսքով՝ այս ցուցադրությունը կարևոր է բազմաթիվ առումներով՝ թե՛ թանգարանային կյանքի աշխուժացման ու որակի բարձրացման իմաստով, թե՛ հանրության՝ մշակույթին ավելի մեծ չափով առնչվածություն ունենալու և թե՛ միջազգայնացման ուղղությամբ ջանքերի տեսանկյունից։

Հարցին՝ ինչու է ընտրվել մայրության թեման և ինչու է ցուցադրության բացման համար ընտրվել Անկախության օրը, Անդրասյանը նշեց, որ կանանց դերի մասին հանրային կյանքում խոսելիս շատ կարևոր է անդրադառնալ նաև տարբեր դարաշրջաններում կանանց ունեցած դերին։

«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ առաջին հերթին ակնկալում է, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:

Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

Comments


bottom of page