top of page

Պուտինն ու Վուչիչը 2 ու կես տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Коммерсантъ»-ը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Բելգրադի ազատագրման 80-ամյակը, տնտեսական համագործակցությունը և երկրների միջև հարաբերությունները։ Սերբիայի ղեկավարը զրույցն անվանել է «լավ, բաց, երկարատև և բովանդակալից»:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք երկկողմանի բոլոր կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ տնտեսական, և ես հատկապես շնորհակալություն հայտնեցի նախագահ Պուտինին այն բանի համար, որ նա Ալեքսեյ Միլլերի (Գազպրոմի ղեկավար-խմբ.)  միջոցով ապահովել է, որ Ռուսաստանն այս ձմռանն էլ բավականաչափ ծավալի գազ կտրամադրի Սերբիայի Հանրապետությանը»,- պատմել է Վուչիչը Instagram-ում հրապարակված ուղերձում։

Ըստ Սերբիայի նախագահի, բոլոր չլուծված հարցերը կողմերը կքննարկեն «մոտ ապագայում»։

Նա նաև հայտարարել է, որ Սերբիան չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, և շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ում սերբական կողմի ջանքերին աջակցության համար։

«Հավատում եմ, որ դա կնպաստի սերբ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, և որ մենք կկարողանանք ոչ միայն օգնել միմյանց, այլև զարգացնել վստահությունը մեր ժողովուրդների և մեր երկրների միջև»,- եզրափակել է Վուչիչը։

Վերջին անգամ Ալեքսանդր Վուչիչը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել են 2022 թվականի մայիսի 29-ին։ 2024 թվականի սեպտեմբերին Սերբիայի իշխանությունները հայտարարեցին Վուչիչի մտադրության մասին՝ զանգահարելու Պուտինին BRICS-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Comments


bottom of page