top of page

Գյումրիում միջնորդի դեր ստանձնած Աջապահյանը փափագում է այն օրերի վերադա՞րձը, երբ նվաստացվում էր Վարդան Ղուկասյանի կողմից

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 4
  • 4 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես և սպասվում էր, անմասն մնալ չէր կարող Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումներին և իր «միավորիչ» ծառայությունն է առաջարկել ավագանու կազմ անցած ընդդիմադիր ուժերին: «Իդեալական չեն արդյունքները մեզ համար, բայց կարելի է գոհացուցիչ համարել, եթե զարգացումներն էլ լինեն գոհացուցիչ»,-ազդարարել է նախընտրական և հետընտրական շրջանում պրոակտիվ քարոզչությամբ զբաղվող Աջապահյանն իր վերջին հարցազրույցներից մեկում։ «Մեզ համար» ասելով, փաստորեն,  հոգևորականն իրեն նույնացնում է «կրիմինալի ու բռնաբարության» հոմանիշի՝ Վարդան Ղուկասյանի և մյուս ընդդիմադիր թեկնածուների  քաղաքական պատրոնների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, որոնց մասին, ի դեպ, ամիսներ առաջ, երբ դեռ «սրբազան պայքար» կոչվող շարժումը կենդանի էր,  շատ կոշտ էր արտահայտվել, ընդհուպ հորդորել էր հեռանալ քաղաքական ասպարեզից։ Նրանց ներկայությունը, ըստ սրբազանի, ձախողում է ցանկացած ընդդիմադիր պայքար ու նպաստում գործող իշխանության երկարակեցությանը։   


Այն, որ սույն հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում վաղուց՝ դեռ նախքան «Նիկոլի թիվը»,  թերևս գաղտնիք չէ գյումրեցիների համար։ Պարզապես այն օրերին նրա «զբաղմունքի» օբյեկտը միայն քաղաքային իշխանությունն էր՝ ի դեմս քաղաքապետի։ Այսօր էլ, փաստորեն, հոգևորականի վեղարով քաղաքական ֆիգուրը բաց տեքստով վերահաստատում է, որ «դեմ ըլլալով» Սերժին ու Ռոբերտին, այսուհանդերձ նրանց հովանավորյալ թեկնածուների կողմն է և ոչ՝ Գյումրիի  «ձայն բազմաց»-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած քաղաքացիների։


Ուշագրավ է, որ երբ Վարդան Ղուկասյանն էր Գյումրիի կառավարիչը, Աջապահյանը, մեղմ ասած, հալածվում էր աստվածավախ քաղաքապետի կողմից։ 2008-ին, ի դեպ, երբ Վարդան Ղուկասյանը վերստին վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում,  ստորագրահավաք էր կազմակերպել Շիրակի հոգևոր թեմի առաջնորդի դեմ՝  նրան «գահընկեց» անելու նպատակով։ Ամենայն Հայոց Կաթողիկսը, սակայն, չբավարարեց  քաղաքապետի ակնկալիքները, ու Աջապահյանը շարունակեց թեմի կառավարումը։  


Այդ օրերի մամուլը գրում էր, որ Վարդան Ղուկասյանն ընդհուպ «վերևներին» «դանոս» էր ուղարկել, թե իբր թեմի առաջնորդը քաղաքականությամբ է զբաղվում և ընդդիմությանն է սատարում: Շիրակի մարզի մի խումբ մտավորականներ, ազդեցիկ ՀԿ-ների ղեկավարներ, բիզնեսմեններ, գիտնականներ, պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու լրագրողներ (այդ թվում և տողերի հեղինակը) այցելել էին  Շիրակի թեմի առաջնորդին՝ իրենց զորակցությունը հայտնելու։ Այդ օրերին ինքը՝ Աջապահյանը, թերթերից մեկին հայտնել էր, որ  ստորագրահավաքն իր դեմ կազմակերպված բազմաթիվ ինտրիգներից մեկն է,  իրենց հարաբերություններն ինը տարի շարունակ լարված են եղել, որովհետև «քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը», չհանդուրժելով իր ինքնուրույն գործելակերպը, ամեն կերպ փորձել է իրեն դարձնել «հլու-հնազանդ ենթակա»: «Դուք տեղյակ չեք, թե ես ինչ փորձությունների միջով եմ անցել այս ինը տարվա ընթացքում, ինչ տիտանական համբերություն եմ ունեցել՝ դիմադրելու համար էն բոլոր սադրանքներին, որոնք եղել են իմ նկատմամբ: Ինը տարի շարունակ փորձել են ինձ վարկաբեկել, որևէ կոմպրոմատ, որևէ մի բիծ գտնել ու չեն գտել, հիմա կարծես թե գտել են այդ կոմպրոմատը, որ իբրև թե ես քաղաքականությամբ եմ զբաղվում, կարծես թե քաղաքականությամբ զբաղվելու թույլտվությունը քաղաքապետարանից պետք է ստանայի: Եվ դրա համար խոսվում է, որ քաղաքապետը ստորագրահավաք է կազմակերպել: Ես վերջին ելույթում՝ նախընտրական, զգուշացրել էի, որ այսօր քաղաքապետարան-առաջնորդարան հարաբերություններ, որպես այդպիսին, չկան, և եթե տեղի ունենա վերընտրություն, ապա չորս տարի ևս այդ վիճակը կշարունակվի, և դա, բնականաբար, անդրադարձ կունենա ժողովրդի վրա: Հիմա, որպեսզի այդ անդրադարձը չլինի, երևի այդ քայլն է ձեռնարկվում: Չգիտեմ, կարծում եմ՝ դա քաղաքապետի հերթական ջղաձգությունն է և, Աստված տա, լինի վերջինը»,- ազդարարել էր Աջապահյանը։  Նա նաև դժգոհել էր, որ քաղաքապետն իր աշխատանքը վարկաբեկելու համար «քաջալերում է» աղանդավորներին, նրանց հողատարածքներ է տրամադրում, շինթույլտվություն է տալիս, իսկ եկեղեցուն զլանում է նույն բանն անելուց: «Քաղաքապետն ուզում է, որ աղանդավորներն այստեղ ինչ-որ շարժում սկսեն, և մարդիկ մեղադրեն առաջնորդին, որ առաջնորդը չի աշխատում»,- ասել էր Շիրակի թեմի առաջնորդը։


Ի դեպ, նա նաև հերքել էր եկեղեցաշեն Ղուկասյանի այն պնդումը, թե  եկեղեցու տարածքները «հարյուրապատիկ անգամ» ավելացնում է ու միակն է, որ եկեղեցաշինությամբ  է զբաղվում։  «Ստում է՝ ինչպես միշտ, հերթական սուտն է: Ինը տարի շարունակ եկեղեցու համար ոչինչ չի արել. արել է այն, ինչն իր անվան փառաբանությունը կարող է լինել, բայց փոխարենը չի պատասխանել առաջնորդի նամակների 95%-ին, որ խնդրում էինք հողատարածք հատկացնել: Ինը տարվա մեջ կարողացել ենք հազիվ մի բնակարան ձեռք բերել Սուրբ Նշանին կից նախկին եկեղեցապատկան հսկա շենքում, ընդ որում՝ յոթ տարվա քաշքշուկից հետո հազիվ կարողացել ենք «պոկել» այդ բնակարանը: Ուրիշ որևէ բան նա եկեղեցուն չի տվել, հակառակը՝ մի ձեռքով տվածը, նույնիսկ եկեղեցապատկան տարածքների պահպանման գոտիներից, մյուս ձեռքով խլել է՝ վկա Սուրբ Հակոբի տարածքը, որտեղ անթաքույց երևում է շինարարությունը և զավթումը, նույնը վերաբերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքին, որտեղ հուշարձան է դրվում՝ առանց եկեղեցու թույլտվության և արտոնության, և Հայորդաց տան տարածքը, որ ոչ թե ինքն է տվել եկեղեցուն, այլ՝ պաշտպանության նախարարությունը, և նախարարության տված այդ հողատարածքը, համարելով իրենը, դրել է աճուրդ-վաճառքի և վաճառել է քաղաքապետի տեղակալի որդուն: Սրանք փաստեր են, եթե կարող է հերքել՝ թող հերքի: Շատ դժվար է, գրեթե անհնար է ստի, կեղծիքի դեմ պայքարելը: Եթե մարդը «բարի լույս» է ասում ու դրա մեջ էլ սուտ է խոսում, պետք է կասկածես՝ բարի՞ է, թե՞ լույս է»,- ասել էր Շիրակի հոգևոր առաջնորդը:


Աջապահյանը նաև դժգոհել էր, թե քաղաքապետը միշտ անհարգալից վերաբերմունք է ունեցել իր հանդեպ, շփվել է միջնորդավորված՝ «դեսպանների» միջոցով: «Պաշտոնական ընդունելություններին, որևէ ժապավեն կտրելիս ինձ իբրև թե ճանապարհ է տալիս և հրապարակային՝ բոլորի ներկայությամբ ասում է՝ «արի, արի անցի, ես որ քեզ չհարգեմ, ուրիշը չի հարգի»: Սա՞ է հարգալից վերաբերմունքը: Եկեղեցի մտնելիս, պատարագներին, երբ որ առաջնորդի անվան հիշատակությունն էր, բոլորը ոտքի էին կանգնում, ինքը նստում էր, և ես երբեք դիտողություն չեմ արել, համբերել եմ, բայց՝ ինչքա՞ն: Ես իմ քառասունհինգ տարվա կյանքում և քսան տարվա հոգևորականի կյանքում երբեք իմ նկատմամբ ավելի անհարգալից մարդու չեմ հանդիպել, քան քաղաքապետն է՝ սա է իրականությունը: Իր ամբարտավանությունն այնքան է, որ ինքը քաղաքում ամենաբարձրն է իրեն կարծում, քաղաքում բոլորն իրենից ցածր են՝ և՛ թեմի առաջնորդը, և՛ մարզպետը: Նա իր «ես»-ն է ամենից բարձր դասում, Ֆյուրերն է, գահի վրա իր «ես»-ն է, հետո՝ Աստված, կամ՝ Աստված՝ նույնացած իր հետ: Ինչպես քաղաքն է նույնացած իր «ես»-ի հետ, որովհետև էստեղ ուզենա՝ արձան կդնի, էնտեղ ուզենա՝ բոստան կցանի, ինչ ուզենա՝ կանի քաղաքի հետ»,- քաղաքապետին այսպես է բնութագրում թեմի առաջնորդը:

Այսքանի միջով անցած ու այսքան բան տեսած Աջապահյանը, փաստորեն, այժմ «ընդդիմադիր» Ղուկասյանի «չորրորդ գալստյան» համար պատրաստ է միջնոդ, «դեսպան» դառնալ՝ վերադարձնելու  նախկին՝ «վարդանիկական» արատավոր բարքերն ու եկեղեցու ու դրա սպասավորների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մթնոլորտը։ Ճաշակի և ընտրության հարց է, բան չունենք ասելու։


Հ. Մանուկյան

1/2066
bottom of page