Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա
- 24timeam
- 4 hours ago
- 1 min read
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
«Ապրիլի 24֊ին լրանում է 20-րդ դարի պատմական ամենամեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, և հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց միավորում է ցանկությունը՝ պահպանելու անցյալի ողբերգական իրադարձությունների հիշողությունը, որը չի կարելի մոռացության մատնել։ 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավարի` Սերգեյ Դմիտրիի Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության դերակատարները կատարվածը որակել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացել է ռուս-թուրքական սահմանը և փրկել է ավելի քան 350 հազար հայերի»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականի ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։