top of page

Բանակցություններում ՌԴ-ի մասնակցությանը դեմ լինելը դեռ հակառուսական քաղաքականություն չէ. իշխանական պատգամավոր

Մենք հրաժարվում ենք Ռուսաստանի հետ քաղաքական գործընկերությունից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեզ համար լավ դաշնակից չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նա ավելացրել է, որ երբ Հայաստանի վարչապետնա սում է, ո Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել բանակցություններում, դա վերաբերում է հենց բանակցություններին, քաղաքական ձեւաչափին, բայց դա չպետք է արտացոլվի հայ-ռուսական հարաբերությունների մյուս ոլորտներում։

Նրա գնահատմամբ՝ բանակցություններում Ռուսաստանն ավելի շատ պաշտպանում է Ադրբեջանի շահերը, քան Հայաստանի։ «Բայց դա չի նշանակում, թե պետք է դատարկ տեղը վատ արտահայտվենք այդ երկրի մասին։ Պետք է պահպանել չեզոք հարաբերություններ»,- նշել է Ասլանյանը։ Պատգամավորը խոստովանել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում ինքը, կոշտ են արտահայտվել Ռուսաստանի մասին, բայց դա վերաբերել է քաղաքական հարցերին։

«Որոշ ժամանակ առաջ Հայաստանը հայտնվեց հեղաշրջման սպառնալիքի առջեւ, եւ այդ հեղաշրջման հեղինակներից մեկը կարող էր լինել Ռուսաստանը, բայց դա չի նշանակում, թե պետք է նրա մասին խոսել վիրավորական արտահայտություններով։ Եթե մենք դեմ ենք արտահայտվում ռուսական միջնորդությանը Բաքվի հետ բանակցություններում, ապա դա չի նշանակում, թե մենք հակառուսական քաղաքականություն ենք վարում»,- ընդգծել է նա։ Խորհրդարանականը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուռճացնում հակառուսական տրամադրությունները հասարակությունում։

Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանը լիովին չէ, որ կախված է Ռուսաստանից տնտեսական ոլորտում։ «Դա կախում է, որը ձեւավորվել է դեռ խորհրդային ժամանակներում, այսօր այն կազմում է մոտ 42 տոկոս։ Ընդ որում՝ Հայաստանն ընթանում է եվրաինտեգրման ճանապարհով, իրականացվում է արտադրվող արտադրանքի որակի բարձրացման աշխատանք, որպեսզի էլ ավելի մեծացվի արտահանման ծավալը եվրոպական երկրներ»,- նշել է պատգամավորը։

bottom of page