top of page

Համապատասխան մարմինները պետք է խիստ լինեն, որ անչափահասների ամուսնություն չգրանցվի, երեխաներ չունենան. Բաքոյան

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկում է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարել և օրենսգրքի 50-րդ հոդվածում, որը վերաբերում է  ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքներին ամուսնության մեջ չգտնվող անչափահաս բառերը փոխարինել անչափահաս բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ամուսնության մեջ գտնվող անչափահաս» կարգավիճակ այլևս չի լինելու:

Հարցը քննարկվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում:

Բաքոյանի խոսքով՝ նախագծի փաթեթի նպատակն է՝ ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում բացառել վաղ ամուսնությունները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետարքրվեց՝ եթե այդուհանդերձ,  ինչ-որ տեղ փաստացի ամուսնություն է տեղի ունենում անչափահասների, հետո երեխա է ծնվում, այդ դեպքում ի՞նչ է լինելու:

«Անչափահաս տարիքում ամուսնությունների ու սեռական հարաբերությունների արդյունքում ծնված երեխաների դեպքում համապատասխան մարմինները պետք է հստակ աշխատանքներ իրականացնեն՝ բացառելու նման երևույթները, որովհետև հիմա էլ են դրանք տեղի ունենում:

Իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են իրականացնում, բայց մինչև մենք հասնենք դրան՝ այսինքն թույլ չտանք, որ դա տեղի ունենա, դրա համար մեր մի շարք ոլորտների ներկայացուցիչներ՝ սոցապը, ԱՆ-ն, ԿԳՄՍՆ-ն այստեղ անելքիներ ունեն՝ վաղ տարիքում կրթություն տալու և համայնքներում աշխատանքներ իրականացնելու, որ անչափահաս տարիքում ամուսնությունները կարողանանք բացառել»,-ասաց Բաքոյանը:

Նազարյանն էլ արձագանքեց, եթե այդուհանդերձ դեպք արձանագրվել է ու կա 16 տարեկան աղջիկ, ով երեխա է ունեցել, ինչպե՞ս է սա կարգավորվում:

Դրան ի պատասխան Բաքոյանն ասաց. «Խնդիրը համընդհանուր է, ոչ թե կոնկրետ համայնքի ներսում: Երևանից ինչքան հեռանում ենք, մարզերում կա խնդիրը: Ձեր ասածի պարագայում երեխայի ծնունդը գրանցվում է, բայց ամուսնությունը՝ ոչ: Այստեղ որոշակի հետևանքներ են ունենում, ինչպես հիմա է դա տեղի ունենում: Մեր համապատասխան մարմինները պետք է խիստ լինեն, որ կարողանանք այս խնդիրը լուծել»:

bottom of page