top of page

Ոչ մեկ չի ասել, որ տաքսուն վճարված գումարը չպետք է հարկվի. Նիկոլ Փաշինյան

Ասում են, որ ես ժամանակին ասել եմ՝ տաքսիստների համար լավ պայմաններ կապահովենք։ Մենք ապահովել ենք այդ լավ պայմանները. անհատ տաքսու վարորդների համար եղել է արտոնագրման վճար, լիցենզավորման վճար, որը մենք ժամանակին չեղարկել ենք։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ոչ ոք երբեք չի ասել, որ տաքսուն վճարված գումարը չպետք է հարկվի»։

«Մենք ասել ենք, որ տնտեսական զարգացմանը զուգընթաց պետք  է բարելավենք ստանդարտները և հարկման մեխանիզմները։ Այդ հարկը ես հո մե՞ր տուն չեմ տանում, կամ որևէ մեկն իր տուն չի տանում։ Կոռուպցիայի դեմ պայքարն էլ փող արժե։ Մենք ինստիտուտներ ենք ստեղծել, որոնց պետք է ֆինանսավորել»,–ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով, 2019 թվականից Հայաստանը համահարթ եկամտային հարկի համակարգին է անցել, և այդ համակարգը փոխելու պատճառ չկա։

«Ինչ վերաբերում է ընդհանրապես Հարկային օրենսդրությանը, դրա շուրջ միշտ պետք է մտածել, որովհետև դա պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Կան կարիքներ, որոնք վերաբերում են բոլոր խավերին։ Երկրում կա ճանապարհների, կոմունիկացիաների, ջրի անհրաժեշտություն։ Պետությունն այդ բոլոր կարիքները հոգում է այնքանով, ինչքանով մենք կարողանում ենք գումար գեներացնել բյուջեում։ Բյուջեում ճեղքված չկա, բայց փողը երբեք շատ չի լինում։ Մեր երկրում էնքան կարիքներ կան։ Մեր երկրում բյուջեի եկամուտները 2018 թվականից աճել են և շարունակում են աճել, բայց կարիքները օբյեկտիվ այնքան մեծ են, որ մեզ ավելի շատ գումար է հարկավոր»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրում ահռելի ստվեր կա, և այդ ստվերի թիվ մեկ հովանոցը շրջանառության հարկն է։ Մենք չենք կարող չնկատելու տալ սա, նաև այն, որ երբ մենք սոցիալական նկատառումներով հարկային արտանություններ ենք սահմանում, հետո երբ վերադառնում ենք տեսնելու, թե ինչպես են կիրառվել այդ արտոնությունները, տեսնում ենք, որ շատ դեպքերում կիրառվում են ստվերը մեծացնելու համար»,–նշեց նա։

1/1797
bottom of page