top of page

Հորդանանի թագավորը վարչապետ է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Ջաֆար Հասանին

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կիրակի օրը նոր վարչապետ է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Ջաֆար Հասանին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով թագավորական պալատը։

«Թագավոր Աբդալլահը կիրակի օրը Ջաֆար Հասանին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել»,- ասվում է պալատի հայտարարության մեջ։

56-ամյա Հասանը նախկինում եղել է ոչ միայն աշխատակազմի ղեկավար, այլև պլանավորման նախարար։

Պալատի հրապարակած նամակում Աբդալլահ թագավորը կոչ է արել Հասանին «մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ Գազայում, Արևմտյան ափին և սրբազան Երուսաղեմում  մեր պաղեստինցի եղբայրների տոկունությանն աջակցելու համար»:

Նա նաև կոչ է արել նորանշանակ վարչապետին «բոլոր ջանքերը գործադրել արաբական և միջազգային շարժումների միջոցով Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու և հումանիտար սկզբունքների և միջազգային իրավունքի բացահայտ խախտումները դադարեցնելու համար»:

Հեռացող վարչապետ Բիշեր Ալ-Խասունան կիրակի հրաժարականի դիմում է ներկայացրել թագավորին։ Թագավորության սահմանադրության համաձայն, կառավարությունը սովորաբար հրաժարական է տալիս խորհրդարանական ընտրություններից հետո։ Վարչապետին նշանակում է թագավորը և ոչ թե խորհրդարանը, որը սահմանափակ լիազորություններ ունի։

Comments


bottom of page