top of page

Ժամը 18։00-ին կհնչի ավանդական քոչարու պարեղանակը՝ պարի հրավիրելով պարել սիրողներին. Ժաննա Անդրեասյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։

Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։

ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով:

Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ։ Այս տարի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։ Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։

Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը»,- ասված է ուղերձում:

1/2093
bottom of page