ՊՈՒՏԻՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԿԻԵՒԸ ՎԵՐԱԶԻՆՎԻ ԿԱՄ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Times -ը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 13-ին արված հայտարարությունները, կապված Ռուս-Ուկրաինական ճակատում երեսնօրյա հրադադար հաստատելու հետ գրում է, որ ըստ էության պետք է արձանագրել, որ արագ հրադադարի հույսերը աստիճանաբար հօդս են ցնդում։ «Պուտինը, ըստ ամենայնի հարվածեց Ուկրաինայում անհապաղ երեսնօրյա հրադադար հաստատելու հույսերին, երբ հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ կնքվի այնպիսի համաձայնություն, որը հնարավորություն կտա Կիեւին վերազինվել կամ իրականացնել զորքերի վերախմբավորում»։
Զուգահեռաբար նաեւ Times-ը նկատում է, որ բավականին մեղմացել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հռետորաբանությունը։ Եթե սկզբում նա ասում էր, որ երեսնօրյա հրադադարը ուկրաինական բանակի համար «շունչ քաշելու» միջոց է, ապա հետո արդեն հայտարարեց, որ առաջարկը բավականին հապճեպ կազմված է, սակայն կարող է եւ ադապտացվել, որպեսզի հաշվի առնվեն նաեւ ռուսական կողմի շահերը։ Ու եթե Մոսկվան, ըստ պարբերականի, որոշի մերժել Թրամփի առաջարկությունը, ապա ամերիկյան կողմը Կրեմլի վրա ներազդելու մեծ գործիքակազմ չունի։ Կարող է իհարկե ակտիվացնել ռուսական «ստվերային նավատորմի» լցանավերի դեմ «որսը» սակայն դրա համար շատ թանկ կարող են վճարել ամերիկացի հարկատուները, նշված է հոդվածում։