top of page

Ադրբեջանական Խերիմլիում դպրոց գնալը նույնքան եւ նույնպես անվտանգ պետք է լինի. Փաշինյանը՝ Կիրանցի դպրոցում

Սոցիալական ցանցերում եւ մամուլում այս օրերին շատ քննարկվում է, թե ինչքանով է անվտանգ դասի գալ Կիրանցի դպրոցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ ՀՀ անկախության պատմության մեջ Կիրանցում դպրոց գնալը երբեք այնքան անվտանգ չի եղել, քան այսօր: Երբեք Կիրանցում ապրելը այնքան անվտանգ չի եղել, քան այսօր:

Երբ ասում ենք, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա պետք է նշանակի, որ ադրբեջանական Խերիմլի գյուղում դպրոց գնալը նույնքան եւ նույնպես անվտանգ է: Այս հարցերում փոխկապակցվածությունները պետք է շատ խորը ընկալենք: Այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը ահռելի հաջողություն է մեր պետության համար»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք սոցիալական ցանցերում տեղադրում են Կիրանցի պատը եւ ասում, որ սա երրորդ Հանրապետության ամենամեծ խայտառակությունն է. «Ես վստահաբար ուզում եմ ասել, որ սա երրորդ Հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետեւ երբ դու չգիտես՝ որտեղ է սկսվում ու ավարտվում քո պետությունը, հարց է՝ դու պետություն ունես, թե չունես: Եթե դու չգիտես՝ որտեղ է սկսվում եւ ավարտվում քո տոնը, հարց է՝ դու տուն ունես, թե չունես:

Այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում, դժվար է եղել, մենք հանդիպումներ ենք ունեցել Կիրանցում, բայց Կիրանցում այսպիսի դահլիճ չի եղել, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, նաեւ Կիրանցի ժողովուրդը հավաքվի, իրեն հետաքրքրող հարցերը քննարկեն ու լուծեն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

bottom of page