top of page

Արայիկ Հարությունյանն ինձ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյան

«Այսօրվա իշխանությունը Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել Հայաստանի ոչ մի իշխանություն, դրանից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ, որի կազմակերպիչներն ու դրդողները բոլորին հայտնի են»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին, նա ասաց. «Արայիկ Հարությունյանի հրաժարականից ես էլ եմ տեղյակ եղել։ Արայիկ Հարությունյանն նա ինձ ասել է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ:  Մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել, և նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք, տեսնեք, ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են: Ես ցիտում եմ»:

Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ արցախցի պաշտոնյաներն ընդունել են լուծարման որոշումը, նոր միայն զանգել ու տեղյակ պահել իրենց դրա մասին. «Քննարկում չի եղել, չեն զանգել ու ասել՝ ի՞նչ եք կարծում, որն է ձեր դիրքորոշում, ո՞նց եք վերաբերվում: Մեր կողմից եղել է մի խնդրանք-պահանջ՝ տեքստի մեջ եղել է իրողության հետ կապ չունեցող հիշատակում Հայաստանի վերաբերյալ, որպես Հայաստանի իշխանություն մենք պահանջել ենք, որ դա դուրս գա: Չեմ համարում, որ դա ճիշտ է հիմա ասել»։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ այլընտրանք էին իրենք առաջարկում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Ա. Սիմոնյանն ասաց. «Հայաստանն  առաջարկել էր իր այլընտրանքը, Հայաստանն իր երեխաներին զոհել է, մեր երեխաները գնացել, զոհվել են, Հայաստանը կտրել է իր պետության բյուջեից, ապահովել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ:

Դուք չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է Հայաստանի վրա հարձակումը, ՀՀ-ն գրավելն ու ոչնչացնելը: Հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ նպատակ է եղել Հայաստանից տարածքը գրավելը, ՀՀ-ի գոյությունը վերացնելն ու բռնակցելը միութենական որևէ կառույցի:

Այսինքն, ՀՀ իշխանությունները պետք է մտնեի՞ն այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված էր, որպեսզի ՀՀ այլևս գոյություն չունենար։ Այո, կայացվել է շատ ծանր որոշում, որ հարձակում է եղել ԼՂ-ի վրա, բնակչությունը ստիպված է եղել լքել, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր»:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Արցախի իշխանությունը Արցախը հանձնելուց հետո փախել են Հայաստան ու Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում. «Այդ մեղքը չեն կարողանալու իրենց վրայից մաքրել։ Երկրորդ՝ կարծում եմ այդ շենքի իմաստը մենք պետք է նույնպես վերանայենք։ Այդ շենքը այլևս չպետք է նման բաների ծառայի»։ 

Խոսելով Սունիքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելուն, նա ասաց. «Որևէ կազմակերպությանը հանձելու փորձ գոյություն ունի, եթե նման բան տեղի ունենա, տեղի է ունենալու ՀՀ օրենսդրությանը համապատսխան։ Որևէ որոշում այս պահին չկա, քննարկման փուլում է։

Եթե ամեն ինչ իրականացվելու է Հայաստանի դրոշի ներքո և օրենքների շրջանակներում, ի՞նչ ինքնիշխանության զիջման մասին է խոսքը, այսինքն տարա՞ծք ենք զիջում»։

Ա. Սիմոնյանը որպես օրինակ բերեց տասնամյակներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների առկայությունը, նշեց, որ հիմա էլ Իրանի և Թուրքիայի սահմաններին ռուս սահմանապահներ են կանգնած։

Խոսելով ԱՊՀ մասին, նա բացատրեց, թե ինչու է  ԱՊՀ-ն այդքան կարևոր իրենց համար. «ԱՊՀ-ի հիմքերից մեկը Ալմաթիի հռչակագիրն է, որով այսօր Հայաստանը իր բոլոր բանակցային  ուղղություններով աշխատանք է տանում։

Մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բակացային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված:

Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, այո, մասնակցելու որոշում է կայացվել, որովհետև տնտեսական առումով Հայաստանը կարևոր կապեր ունի և, չեմ կարծում, որ մենք պետք է մեզ տարածաշրջանից դուրս դնենք»։

ԱԺ նախագահը նաև ասաց, որ որևէ  մեկը չի բացառում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կարող է կայացվել. «Որևիցե մեկը չի բացառում, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»։

Kommentare


bottom of page