top of page

Այս տարի կլիման մեր օգտին աշխատեց՝ Սևանի մակարդակը 21 սմ ավելին է, Հերհերի ջրամբարը լեփ-լեցուն է. Փաշինյան

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման մեր ամենակարեւորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների կառավարումն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես արդեն 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք և այդ ծրագիրը որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, ՀՀ-ում չկա մի այնպիսի բնակավայր, որը ջրի՝ ոռոգման և խմելու ջրի հետ կապված, խնդիր չունենա: Այսինքն՝ չկա այդպիսի բնակավայր, որ գնանք, ասենք՝ ջրի խnդիրը լուծված է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով դա պիտի լինի մեր ռազմավարական նպատակը, որ մենք տասնյակ հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ կարողանանք ներդնել մեր գյուղատնտեսության ոլորտում: «Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է, փոխվարչապետ Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը մենք պետք է շատ էականորեն զարգացնենք, և գուցե նաև որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը ընդգծեց՝ առաջիկա անելիքների առանցքում պետք է լինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը, որը կլիմայի գյոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է:

«…Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Միայն մի վիճակագրություն՝ այն, որ Սևանա լիճը 21 սմ ավելին է… երեկ Հերհերի ջրամբարի կողքով էինք անցնում, և Հերհերի ջրամբարը լեփ-լեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված է, ինչը շատ լավ է, բայց մենք չգիտենք՝ հաջորդ տարի ինչ կլինի:

Նախորդ տարի մենք ունեցել ենք երաշտի շրջան, շատ հնարավոր է՝ ցիկլ է ձևավորվում՝ մի քանի տարի չոր, մի տարի՝ ջրառատ, և սա էլ պետք է հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի ճիշտ կարողանանք կողմնորոշվել այս հարցերում»,- ասաց նա:

bottom of page