top of page

Վեճ, դանակահարություն՝ Երևանի ավտոլվացման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։



Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։



Ոստիկանները այնուհետեև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։



Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։

コメント


bottom of page