Ոսկյա ժամացույց, ադամանդե մատանի, հնաոճ իրեր, միլիոնավոր դրամներ․ Գյումրիի «հարուստ» և «աղքատ» թեկնածուները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակվել են Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նախընտրական ցուցակներում ներգրավված թեկնածուների հայտարարագրերը։Այս մասին հայտնում է հայկական ժամանակը:
Ուսումնասիրելով դրանք՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքապետի աթոռին հավակնող թեկնածուներից ոմանք ապահովված են. ունեցվածքի՝ «կայք ու կալվածքի», «ստակ ու փարայի» խնդիր չունեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրինակ, ընդամենը մեկ՝ 99,50ք/մ մակերեսով բնակարան է հայտարարագրել Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում, որը նրան է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։
Որպես շարժական գույք՝ Մինասյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես Բենց» S 550՝ 2008 թ․ արտադրության եւ «Մերսեդես Բենց» E 320՝ 1998 թ․ արտադրության։
Որպես դրամական միջոց հայտարարագրել է 19 մլն դրամ, 3500 Եվրո, 6000 դոլար։
Որպես եկամուտ Մինասյանը հայտարարագրել է 4 մլն 858 հազար 568 դրամ աշխատավարձը, որն ստացել է «Միասնական սոցիալական ծառայություն»-ից, Գյումրի համայնքապետարանից ստացած մոտ 497 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաեւ երկու գյուղ․ վարկ «Ակբա Բանկ»-ում. մեկը՝ 800 հազար դրամ, մյուսը՝ 2 մլն 500 հազար դրամ։ «Ակբա Բանկ»-ում Մինասյանն ունի նաեւ 20 հատ պարտատոմս՝ 200 հազար դրամ արժողությամբ։
«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի անդավաճան ընկերն ու ՀՀԿ-ի կողմից հովանավորվող՝ «Սերժի ֆավորիտ» քաղաքապետացուն՝ Ռուբեն Մխիթարյանը, հայտարարագրել է 67 հազար դոլար եւ 41 միլիոն դրամ դրամական միջոց։ Բացի այդ, Գյումրիի Վարդ-Բաղ հասցեում հաշվառված, «Վառուվի» ՍՊԸ-ի սեփականատեր Մխիթարյանը առանձնատուն ունի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ 340 ք/մ մակերեսով, որի սեփականատերն է։
Որպես աշխատավարձ նա հայտարարագրել է «Վառուվի» ՍՊԸ-ից ստացած 3 մլն 20 հազար 556 դրամը եւ նույն ՍՊԸ-ում ունեցած շահաբաժինը, որը կազմում է 43 մլն 950 դրամ։ Վատ չէ, վատ չէ․․․ Շոուբիզնեսը, փաստորեն, եղել է եւ կա եկամտաբեր աշխատանք։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի պաշտոնին «երկրորդ զախոդից» տիրանալ փորձող Մարտուն Գրիգորյանն էլ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում 6 անշարժ գույք է հայտարարագրել. մեկ բնակելի տուն՝ Գյումրիում, երկու բնակարան՝ Երեւանի Գրիբոյեդով փողոցում, երկու հողամաս՝ Գյումրիում եւ մեկ ավտոկայանատեղի՝ դարձյալ Երեւանի Գրիբոյեդով փողոցում։ Քաղաքապետի թեկնածուն 5 գույքի սեփականատերն է, մեկի (Գյումրիում գտնվող հողամասի)՝ համասեփականատերը։
Պատգամավոր-քաղաքապետացուն հայտարարագրել է նաեւ ԱԺ-ից ստացած մոտ 570 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաեւ՝ 190 մլն դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց։
Կոմկուսի ցուցակի առաջին համար, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ, որը ոչ մի տեղ չի աշխատում, չորս անշարժ գույք է հայտարարագրել. երկու տուն՝ մեկը՝ Գյումրիի Վարդ-Բաղում, մյուսը՝ Մայակովսկու փողոցում, մեկ հողամաս եւ մեկ առեւտրի համալիր Գյումրիի Վարդ-Բաղ եւ Շահումյան փողոցներում։
Նշենք, որ տներից մեկն ու հողամասը Ղուկասյանին է պատկանում համասեփականության իրավունքով, մյուսը՝ սեփականության, մյուս տունն ու առեւտրի համալիրը՝ սեփականության։ Ղուկասյանը նաեւ իրեն սեփականության իրավունքով պատկանող մեկ թեթեւ մարդատար ավտոմեքենա է հայտարարագրել՝ ԲՄՎ 760՝ 2005 թվականի արտադրության։
Տպավորիչ է 13 տարի քաղաքապետ աշխատած Ղուկասյանի թանկարժեք գույքերի ցանկը։ Մասնավորապես՝ երկու ժամացույց, մեկը՝ ոսկյա, որն արժե 1 մլն 200 հազար դրամ, մյուսը՝ 1 մլն 300 հազար դրամ, երկու ադամանդե մատանի, որոնցից մեկն արժե 1 մլն, մյուսը՝ 1,5 մլն դրամ, մեկ ոսկյա խաչ ապարանջան, որն արժե 1 մլն դրամ եւ 1 ապարանջան՝ 650 հազար դրամ արժողությամբ։
Ղուկասյանը որպես եկամուտ հայտարարագրել է կենսաթոշակը՝ 530 հազար դրամ, որպես դրամական միջոց՝ 4 մլն դրամ, 6 հազար եվրո եւ 3 հազար 500 դոլար։ Նախկին քաղաքապետին է պատկանում «Ալեքպոլ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը։
«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանի ունեցվածքը մեկ բնակելի տուն է՝ 320,31 ք/մ մակերեսով, որը գտնվում է Գյումրիի Աբովյան փողոցում։ Թեկնածուն հայտարարագրել է նաեւ 4 մլն 825 դրամ՝ որպես դրամական միջոց։
«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրեն, Կումայրի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր, «Էկոնովա» ՍՊԸ-ի հիմնադիր Կարեն Սիմոնյանին չունեւոր թեկնածու չես համարի․ նա հայտարարագրել է 6 անշարժ գույք, բոլորն էլ՝ Գյումրիում։ Մասնավորապես՝ 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, երեք արտադրամաս, մեկ կաթսայատուն՝ միանձնյա սեփականությամբ եւ մեկ պահեստ։
Որպես շարժական գույք թեկնածուն ունի 2015 թ․ արտադրության ԲՄՎ X5 DRIVE ավտոմեքենա: Որպես դրամական միջոց դաշինքի առաջին համարը հայտարարագրել է ընդհանուր 151 մլն դրամ՝ անկանխիկ, 15 հազար դոլար, 800 եվրո, 980 ռուբլի, բոլորն էլ՝ կանխիկ։
Որպես եկամուտ թեկնածուն հայտարարագրել է «Քարհատ մեքենա» ՍՊԸ-ից ստացած 2 մլն 400 հազար եւ 6 մլն 100 հազար դրամ աշխատավարձերը։ Նա «Կումայրի» ՍՊԸ-ի 50 տոկոս, «Քարհատ մեքենա» ՓՊԸ-ի 100 տոկոս եւ «Էկոնովա» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերն է։
Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ծրագրերի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ, որը գլխավորում է «Եվրադաշինք»-ը, տպավորիչ ունեցվածք ունի։ Նա հայտարարագրել է մասնավորապես 7 անշարժ գույք։ Մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Գյումրիի Մադոյան փողոցում, մեկ հողամաս՝ Գյումրիի Թբիլիսյան խճուղում, մեկ հողամաս եւ շինություն՝ դարձյալ նույն՝ Թբիլիսյան խճուղում եւ երեք հողամաս՝ Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Հողամասերից միայն մեկը՝ Գյումրիի Թբիլիսյան խճուղում գտնվողն է համասեփականության իրավունքով թեկնածուին պատկանում, մնացած բոլոր գույքերը՝ սեփականության իրավունքով։
Բարսեղյանը «Ֆորդ» մակնիշի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող երեք մեքենա է հայտարարագրել՝ 2012, 2006, 2018 թվականների արտադրության։
Թեկնածուն նաեւ թանկարժեք գույքի է տիրապետում՝ սեփական գծանկարների հավաքածու՝ 22 մլն դրամ արժողությամբ, գրքերի հավաքածու՝ 18,5 մլն դրամ արժողությամբ, հնաոճ իրերի հավաքածու՝ 9 մլն դրամ արժողությամբ, մետաղադրամների հավաքածու՝ 8 մլն դրամ արժողությամբ։
Բարսեղյանի եկամուտները գոյացել են մի քանի աղբյուրից՝ «Ասպարեզ» ակումբից ստացած 4 մլն 533 հազար 750 դրամ աշխատավարձից, Լեւոն Բարսեղյան ԱՁ-ից ստացած 9 մլն 651 հազար 678,30 դրամից, «Յութուբ»-ում գովազդից ստացած 1736, 17 դոլար եկամուտից, նաեւ՝ նվիրատվություններից, որոնք թեկնածուն ստացել է Արմեն Ալբերտի Բարսեղյանից՝ 3 մլն 650 հազար դրամ եւ Սամվել Ազատի Ագիկյանից՝ 400 հազար դրամ։ Բարսեղյանի դրամական միջոցները կազմել են 29 մլն 140 հազար դրամ, 4 հազար 200 Եվրո, 3 հազար 530 դոլար եւ 58 Ֆիլիպինյան պեսո։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը անշարժ գույք չունի, փոխարենը շարժական՝ 6 տրանսպորտային միջոց է հայտարարագրել՝ երկու մարդատար, երկու բեռնատար, մեկ բեռնատար-կցորդ ավտոմեքենաներ եւ մեկ ավտոբուս։ Բոլոր տրանսպորտային միջոցներն էլ թեկնածունին պատկանում են սեփականության իրավունքով։
Որպես դրամական միջոց Ղարաղազարյանը հայտարարագրել է 210 հազար դրամ, որպես եկամուտ՝ «Բնաքար Տուֆ» ՍՊԸ-ից ստացած 104 հազար դրամ աշխատավարձը։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» քաղաքապետացուն էլ՝ Արտյոմ Թումանյանը, որպես եկամուտ հայտարարագրել է «Արդշինբանկ»-ում ունեցած երեք՝ 157 հազար 530, 196 հազար 913, 6 հազար 497 դրամ ավանդը, երեք աղբյուրից ստացած նվիրատվություն՝ 1 մլն 198 հազար դրամ, 130 հազար դրամ եւ 2 մլն դրամ, տան վարձակալությունից ստացած 554 դոլարը։ Թեկնածուի դրամական միջոցները կազմել են ընդհանուր 10 մլն դրամ։