top of page

Փորձ է արվում ներկայացնել, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է. Փաշինյան

Փորձ է արվում ներկայացնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու մասին է, մինչդեռ 9-րդ կետը սկսվում է այսպես. «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր կապերն ապաշրջափակելու մասին է:

Հայտարարության 7-րդ կետն ասում է՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչպես տեսնում եք, այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո ոչ միայն ԼՂ-ն եւ հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել, այլեւ ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվել է՝ էթնիկ զտումների բերումով»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ փաստաթղթի 8-րդ կետը վերաբերում է բոլոր գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, նաեւ զոհերի մարմինների վերադարձին . «Մինչ այժմ Ադրբեջանում կան հայ գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք եւ նրանք չեն վերադարձվել: Ցավոք, որեւէ գործընկեր որեւէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ դրույթ չիրականացնելու մեջ: Հայաստանը, ինչպես տեսնում եք, ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները չեն իրականացրել իրենց պարտավորությունները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Comments


bottom of page