Դատարանը խարդախության գործով 355 մլն դոլարի տուգանք է նշանակել Թրամփին
Նյու Յորքի դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին խարդախության քաղաքացիական գործով եւ պարտավորեցրել է վճարել 354,9 մլն դոլարի տուգանք, տեղեկացրել է ВВС-ն։ 4-ական մլն դոլար պետք է վճարեն նաեւ քաղաքական գործչի որդիները՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը եւ Էրիկ Թրամփը։
Բացի այդ, երեք տարով Թրամփին արգելել են աշխատել Նյու Յորքի ցանկացած ընկերությունում կամ գլխավորել դրանք։
Նախկին նախագահի դեմ հայցը ներկայացրել է դատախազությունը, որի վարկածով Թրամփը կեղծել է ֆինանսական հաշվետվությունը, որպեսզի բանկերից ավելի շահավետ վարկեր ստանա։
Դոնալդ Թրամփը, որը չի ընդունում, որ որեւէ բանում մեղավոր է, հայտնել է, որ դատարանի որոշումը «անվիճելի միջամտություն է ընտրություններին»։ ԱՄՆ նախկին նախագահը ակնկալում է վերադառնալ Սպիտակ տուն ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը։ Իսկ դատավորն իր որոշման մեջ նշել է, որ Թրամփը եւ մյուս պատասխանողները «ի վիճակի չեն ընդունել իրենց գործողությունների սխալականությունը»։
Դատախազ Լետիշա Ջեյմսը, որն առաջադրել է մեղադրանքը, դատարանի որոշումն անվանել է «նշանավոր հաղթանակ նահանգի եւ ամբողջ երկրի համար»։